Saturday, April 23, 2011

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ԴԵՄ ԵՆ



Մարտի 27-ին և 28-ին Դիլիջան քաղաքում` «Լեռնային Հայաստան» հյուրանոցում, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպվել էին երկօրյա սեմինարներ «Ծրագրի կառավարում», «Ծրագրի առաջարկի կազմում և մշակում», «Շահերի պաշտպանության գործընթացում ԶԼՄ-ների ներգրավում» թեմաներով:

Սեմինարներին մասնակցում էին Գավառի պետական համալսարանի և Վանաձորի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) ուսանողները: Սեմինարավար Արփինե Հակոբյանի կողմից տեսական նյութը մատուցվեց մատչելի և հասկանալի ձևով ինչն ավելի ամրապնդվեց գործնական աշխատանքների միջոցով: Ուսանողները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն: Խմբերի միջև ծավալվեց բուռն քննարկում: Նրանք «Կոռուպցիան կրթության ոլորտում» թեմայի վերաբերյալ առաջարկեցին մի շարք մոտեցումներ և մշակեցին ռազմավարություն` փորձելով գտնել ուղիներ դրանց լուծման համար:

Արփինե Հակոբյանը, խոսելով ԶԼՄ-ների հետ աշխատելաոճի մասին, կարևորեց տեղեկատվության աղբյուրի ճիշտ ընտրության հարցը, այսինքն` թե տվյալ լուրը որ աղբյուրով է ավելի հարմար ներկայացնել համապատասխան լսարանին:

Ծրագրի կազմակերպիչ Ինեսա Հակոբջանյանը հավելեց, որ ոչ միայն վերոհիշյալ փաստն է կարևոր, այլև տվյալ տեղեկատվության աղբյուրի աշխատանքի օպերատիվությունը: Նա շեշտը դրեց հատկապես ԳՊՀ կայքի օրինակի վրա` ասելով, որ, ի տարբերություն այլ կայքերի, այնտեղ նյութերը թարմացվում են ժամանակին, այն գործում է բավականին ինտենսիվ ու օպերատիվ:

Վերջում ծրագրի ղեկավարներն ասացին, որ շուտով ուսանողները հնարավորություն կունենան այդ սեմինարների ընթացքում ստացած գիտելիքները կիրառել գործնականում. նրանք պետք է գրեն մի քանի ծրագիր, որոնցից լավագույններին կտրամադրվեն դրամաշնորհներ:

Մարտի 28, 2011

No comments:

Post a Comment