Wednesday, October 12, 2011

ԳՊՀ-ՈՒՄ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ



Հունվար ամսից Գավառի պետական համալսարանում մեկնարկեց «Թափանցիկ կրթությունը Հայաստանում» ծրագիրը:

Հունվարի 24-ին տեղի ունեցավ հանդիպում «Թափանցիկ կրթությունը Հայաստանում» ծրագրի փորձագետ, դասընթացավար Աշոտ Հակոբյանի, ծրագրի ղեկավար Ինեսսա Հակոբջանյանի և ծրագրի համակարգող` Անժելա Սաղաթելյանի հետ:

Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները` կոռուպցիայի հասկացությունը, տեսակները, հետևանքներն ու ազդեցությունները, պայքարի միջոցները: Դասընթացի ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ կոռուպցիայի վերաբերյալ: Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Ինեսա Հակոբջանյանը. «Այս հանդիպումը կնպաստի թափանցիկ կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, երիտասարդության իրազեկության մակարդակի բարձրացմանը»:

Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը կայացավ Դիլիջանում:

Մարտի 27-ին և 28-ին Դիլիջան քաղաքում` «Լեռնային Հայաստան» հյուրանոցում, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպվել էին երկօրյա սեմինարներ «Ծրագրի կառավարում», «Ծրագրի առաջարկի կազմում և մշակում», «Շահերի պաշտպանության գործընթացում ԶԼՄ-ների ներգրավում» թեմաներով:

Սեմինարներին մասնակցում էին Գավառի պետական համալսարանի և Վանաձորի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) ուսանողները: Սեմինարավար Արփինե Հակոբյանի կողմից տեսական նյութը մատուցվեց մատչելի և հասկանալի ձևով, ինչն ավելի ամրապնդվեց գործնական աշխատանքների միջոցով: Խմբերի միջև ծավալվեց բուռն քննարկում: Նրանք «Կոռուպցիան կրթության ոլորտում» թեմայի վերաբերյալ առաջարկեցին մի շարք մոտեցումներ և մշակեցին ռազմավարություն` փորձելով գտնել ուղիներ դրանց լուծման համար:

Ուսանողները երկօրյա սեմինարների ընթացքում ստացած գիտելիքները հնարավորություն ստացան կիրառել գործնականում. նրանք պետք է ներկայացնեին մի քանի ծրագիր, որոնցից լավագույններին կտրամադրվեին դրամաշնորհներ:
Արդեն մայիսի սկզբին ուսանողները ձեռնամուխ եղան դրամաշնորհային ծրագրի հայտը ներկայացնելուն:

Գավառի պետական համալսարանը ներկայացրեց 3 ծրագիր, որոնցից 2 հաղթող ճանաչվեցին, համապատասխանաբար Հայարփի Մկրտչյանի և Նարեկ Կնյազյանի ծրագրերը:

Սեպտեմբեր ամսից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները, որոնք այժմ ընթացիկ փուլում են:

No comments:

Post a Comment